Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ընտրական երկինքը սկսում է համաստեղություններ ուրվագծել

Ընտրական երկինքը սկսում է համաստեղություններ ուրվագծել
13.12.2016 | 12:02

Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցություններ հայտարարեցին իրենց նախընտրական դաշինքի մասին՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը» ստորագրեցին հուշագիր, որով հայտարարում են, որ hավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայն են համատեղ քաղաքական գործունեություն ծավալել:

Երեք կուսակցությունները 2017-ի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ընտրական դաշինքով: Նրանք պայմանավորվել են համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) որոշումները կայացնել կոնսենսուսով: Այստեղ կարելի էր ավարտել՝ եթե խոսքը ընդամենը երկու կարևոր ընտրություններին համատեղ մասնակցելու մասին լիներ, բայց երեք տարբեր կուսակցություններ նաև համաձայնության են եկել բանակցել միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ, որ շատ ավելի լուրջ խնդիր է ու ավելի շատ վերաբերում է ապագային: Համատեղ կուսակցություն ստեղծելու գաղափարը, սակայն, ունի և դրական, և բացասական կողմեր: Դրական է, որովհետև որոշակիորեն արձագանքում է հասարակական պահանջին՝ ընդդիմությանը տեսնել միասնական, բայց հասարակական պահանջն էլ որոշակի պոպուլիզմ է պարտադրում, որը դառնում է բացասական կողմը: Դրականի ու բացասականի հաշվեկշիռը կախված է լինելու նրանց հետագա քայլերից մինչև ընտրությունները և հատկապես ընտրություններից հետո: Ընտրությունների արդյունքները կանխատեսելն անիմաստ է, ուստի միասնական կուսակցություն դառնալու խնդիրն իմաստ չունի քննարկել դաշինքի ստեղծման հաջորդ օրը՝ կան շատ ավելի կարևոր հարցեր: Հասարակության պոպուլիստական պահանջները բավարարելուց բացի դաշինքը պետք է ծրագիր առաջարկի, որով ոչ միայն պատրաստ է իշխանության գալ, այլև կառավարել: Իսկ դա Հայաստանում աննախադեպ քայլ է՝ ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունները բաժանվում են երկու մասին՝ կեսը փառաբանում է ՀՀԿ-ն, մյուս կեսը՝ հայհոյում: Այդ ավանդույթը արդյունավետ է պրագմատիզմի դիրքերից, բայց պրագմատիզմը Հայաստանում օրիգինալ ու բազմազան ընկալում ունի:


Նորաստեղծ դաշինքը, որ դեռ չի հրապարակել իր անունը, հետամուտ է լինելու Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ Այս հայտարարությամբ դաշինքը դառնում է քաղաքական դաշտը հավասարակշռության բերող գործոն՝ հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան երկրի ապագան ռուսականից զատ այլընտրանքային ճանապարհով տեսնող քաղաքական ուժեր, որոնց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը:
Առաջին հայացքից պիտի տարօրինակ թվար, որ դաշինքի դեմ են գործելու ոչ միայն իշխանական ու իշխանամերձ քաղաքական ուժերը, այլև իրենց ընդդիմադիր անվանողները: Դա վկայում է ժողովրդավարության զարգացման գերագույն աստիճանը, երբ կուսակցությունները այնքան են կայացած ու այնքան են ինքնատիպ, այնքան հստակ են տեսնում իրենց ծրագրերի իրականացման մեխանիզմները, որ կարևոր չէ՝ արդեն իշխանություն են, թե դեռ ընդդիմություն՝ պայքարում են հանուն իրենց գաղափարների: Բայց դա Հայաստանի դեպքը չէ: Պարզապես՝ իշխանությունը իր սատելիտ ընդդիմադիրներին հրահանգելու է պայքարել նորահայտ մրցակցի դեմ՝ միջոցները կարևոր չեն, կարևորն արդյունքն է: Կան պայքարի տարատեսակներ, ընտրվելու է հիմնականը՝ ստեղծել մի քանի ընդդիմադիր դաշինքներ՝ հնարավորինս հայտնի անուններով, որոնց միջև մեծ է հավանականությունը, որ ընտրողը չի կողմնորոշվի և ձայները կփոշիանան իրական ու անիրական ընդդիմությունների միջև: Սա արդյունավետ տարբերակ է, որ ավելի արդյունավետ է դարձնում ընդդիմադիրի իմիջի ֆինանսական հավելումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 2017-ի խորհրդարանական ընտրություններից համարյա չորս ամիս առաջ դաշինքի ձևավորումը հայտարարելը ժամանակի՞ն էր, թե՞ շուտ էր: Լավ ու հանգամանալից, ամբողջ հանրապետության տարածքով գործող կառուցներով նախապատրաստվելու համար ժամանակին էր, ընդդիմադիր դաշտում որոշակիություն բերելու տեսակետից՝ նույնպես: Հիմա արդեն մնացածները պիտի որոշեն՝ միանում են, դեմ են, թե ձեռնպահ: Քաղաքական տրամաբանությունը մի կողմ դնելով, որը Հայաստանում երբեք չի գործում և ելնելով քաղաքական դաշտի ռեալ առանձնահատկություններից՝ միացողներ չեն լինելու և դա իսկապես ճկուն ու ճիշտ գործելու հնարավորություն է տալու դաշինքին, որովհետև յուրաքանչյուր նոր ուժ բերելու է իր պատմությունն ու պահանջները, բայց հազիվ թե ավելացնելու է ձայները:

Ամեն ինչ կախված է այսուհետ դաշինքի կուսակցություններից՝ որքանո՞վ են պատրաստ տեր լինել իրենց հայտարարություններին փոփոխվող պայմանների դեպքում: Եթե նրանք թափ հավաքեն, իսկ դա լիովին հնարավոր է, իշխանությունը փորձելու է ներսից տրոհել, դա հին ու ծանոթ գործելակերպ է, կարողանալո՞ւ են դիմակայել իշխանական գայթակղություններին, դաշինքում չե՞ն լինելու ուժեր, որ հայտարարեն՝ ընտրություններն արդար էին, մենք վատ աշխատեցինք, նորից կփորձենք: Հաջորդ անգամ: Պատրա՞ստ են հետընտրական գործընթացների, եթե ժողովուրդը փողոց դուրս գա նորից, ու ի՞նչ են անելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հիմա արդեն նրանք պիտի ունենան: Միևնույն ժամանակ՝ պարզ է, որ ընտրապայքարը այն տեղն ու ժամանակը չէ, երբ բոլոր զենքերդ ի սկզբանե պիտի ցուցադրես ու փամփուշտներդ կրակես, ամեն փուլ իր ռազմավարությունն ու մարտավարությունը ունի, իր տրամաբանությունը: Եվ, ուրեմն, ամեն ինչ նոր միայն սկսվում է: ՈՒ դառնում է հետաքրքիր՝ երբ ընտրական երկինք են նետվում փուչիկներ, բայց նաև աստղեր:

Դիտվել է՝ 2231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ